Ութ ձկնորս երեք օր անցկացրել է բաց ծովում՝ կառչած պլաստմասե տարայից (տեսանյութ)
Վիետնամի ափերի մոտ պանամական նավի անձնակազմը փրկել է ութ ձկնորսների, ովքեր երեք օր անցկացրել են բաց ծովում՝ կառչած պլաստմասե տարայից: The Mirror-ը հրապարակել է նրանց փրկության տեսանյութը:
Պանամայի բեռնատար նավի անձնակազմի անդամ Նգուեին Չի Թանն առաջինն է նկատել ձկնորսներին ծովում:
«Ես ծովում նարնջագույն առարկա տեսա, ավելի մոտիկից նայեցի և տեսա, որ մի քանի հոգի են` փրկարարական բաճկոններ հագած»,- ասել է նա։ Ձկնորսները կառչել էին պլաստմասե մեծ տարայից և օգնություն էին կանչում։
Նավը մոտեցել է ձկնորսներին, և նրանց պարանով բարձրացրել նավի վրա, և ձկնորսներից մեկին ստիպված են եղել ձեռքերի վրա պահել վնասվածքի և արյան կորստի պատճառով։ Բոլոր փրկվածները տառապել են սովից և ջրազրկումից։ Նավապետը հայտնել է առափնյա ծառայության աշխատակիցներին ձկնորսների փրկության մասին և խնդրել է օգնել ձկնորսներին վերադառնալ հայրենի երկիր՝ Մյանմա։ Վիետնամի իշխանությունները հետաքննություն են կազմակերպել։ Միջադեպի վերաբերյալ դիվանագետները կապ են հաստատել Մյանմայի դեսպանատան հետ։