Հայ-վրացական հարաբերությունների մակարդակը ցածր է, իսկ թուրքերը փորձում են սեպ խրել դրանց մեջ․ վրացագետը խնդիրներ է մատնանշում
Տարածաշրջանային վերադասավորումների համատեքստում, հարևանների, հատկապես՝ Հայաստանի հետ բարիդրացիական ավանդույթներ ունեցող Վրաստանի հետ հարաբերությունները կարևոր են մի քանի ասպեկտով՝ հումանիտար, կրթամշակութային, առևտրանտնտեսական, զբոսաշրջային, քաղաքական և այլն։
Ինչպիսի՞ն է հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչո՞վ են դրանք առանձնահատուկ և խնդրահարույց և արդյո՞ք օգտագործվում է համագործակցության ամբողջ ներուժը՝ ի շահ երկու երկրների։
«Հայ-վրացական հարաբերությունների ներկայիս մակարդակը բավականին ցածր է։ Նախ, «փափուկ ուժի» գործոնը շատ թույլ է, և եթե կա, ապա միայն Վրաստանի կողմից։ Վրաստանը նախաձեռնում է փոխշփումներ պատմաբանների, լրագրողների, փորձագետների հետ, իսկ Հայաստանը առաջարկելու ոչինչ չունի, ինչը նաև օբյեկտիվ պատճառներ ունի, և որպես կանոն հանդես է գալիս որպես սուբյեկտ»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացագետ Հրանտ Միքայելյանը։
Նա նշեց, որ երկու երկրների միջև կան մի շարք խնդիրներ, այդ թվում՝ նաև կրոնական հարթության վրա, հիշեցրեց եկեղեցական վիճելի հարցերի, Վրաստանում հայապահպանությանը, մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող պրոբլեմների և այլնի մասին։ Վրացագետի խոսքով, Հայաստանը, ցավոք, չի զբաղվել Վրաստանում իր մշակութային ժառանգության պահպանման հարցերով ոչ ԽՍՀՄ օրոք, ոչ անկախության տարիներին, ոչ էլ վերջին շրջանում, մինչդեռ Վրաստանում բազմաթիվ հայկական պատմամշակութային հարստություններ «վրացականացվել են»։
«Մյուս կողմից, նկատելի է, որ Վրաստանը դարձել է թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների ինտերվենցիաների, հակահայկական քարոզչության «զոհ»։ Թուրքերն ակտիվորեն փորձում են սեպ խրել Հայաստանի ու Վրաստանի միջև, իսկ Ադրբեջանի կողմից վարձու լրագրողները պարբերաբար կեղծ տեղեկություններ են հրապարակում վրացական մամուլում, որոնց նպատակը վրացիներին հայերի դեմ լարելն է»,-նկատեց մեր զրուցակիցը։
Խնդիրների շարքում Հրանտ Միքայելյանը նշեց այն հանգամանքը, որ հայ-վրացական հարաբերությունները որպես կանոն կենտրոնացած են տնտեսական դաշտում, մինչդեռ այդ համատեքստում ևս, ըստ վրացագետի, մեր երկիրը Վրաստանին դիտարկում է զուտ տարանցիկ երկիր, այլ ոչ թե համագործակցության առանձին սուբյեկտ։
«Չափազանց կարևոր է անվտանգային գործոնը, որը խնդրահարույց է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությունը, ազդեցությունը մեծ է և այս դաշտում Երևանը գործելու լավ հնարավորություն ու դաշտ ունի։ Վրաստանում արդեն մտավախություն ունեն կապված այդ երկրում ադրբեջանական և թուրքական համայնքների ազդեցիկության մեծացման հետ։ Հայաստանը պետք է այդ ուղղությամբ գրագետ և ճիշտ հաշվարկված քաղաքականություն իրականացնի, որը նույնպես չի նշմարվում»,-ասաց փորձագետը։
Արա Ալոյան