«ՊՍԺ»-ն նոր պայմանագիր կառաջարկի Մեսսիին
«Պարի Սեն Ժերմենը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին, հայտնում է լրագրող Լոիկ Տանզին սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ «ՊՍԺ»-ն պատրաստ է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ ևս երկու մրցաշրջանով, քանի որ ակումբի ղեկավարությունը գոհ է Մեսսիի խաղից։
Նոր համաձայնագրի շուրջ կոնկրետ բանակցությունները պետք է սկսվեն Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո։
Մեսսին «ՊՍԺ»-ի խաղացող է դարձել 2021 թվականին։ Նախորդ մրցաշրջանում ակումբը դարձավ ֆրանսիական Լիգա 1-ի հաղթող։ Մեսսին մայրաքաղաքային թիմի կազմում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում կարողացել է խփել 11 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։
2022/23 մրցաշրջանում արգենտինացին 7 հանդիպում անցկացրեց «ՊՍԺ»-ի կազմում Ֆրանսիայի առաջնությունում՝ դառնալով երեք գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։
Օգոստոսին 17 տարվա մեջ առաջին անգամ Մեսսին չի ընդգրկվել աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում։
Օգոստոսի 12-ին ֆրանսիական France Football ամսագիրը սոցցանցում հրապարակել է մրցանակին հավակնող խաղացողների ընդլայնված ցուցակը։ Այն ներառում է 30 մարդ։ Մեսսին 2005 թվականից ի վեր առաջին անգամ չէր հայտնվել այդ ցուցակում: Նա «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է և 2021 թվականի թեկնածու։