Մինչ Փաշինյանի իշխանությունը փորձում է հիմնավորել խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, Ադրբեջանը գործում է հերթական պատերազմական հանցագործությունները. Թովմասյան
Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանությունները պետական մակարդակով հովանավորվող Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումներն են։ Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը.
«Պատերազմական այս հանցագործությունները ոտնահարում են բոլոր այն մեխանիզմները, միջազգային հումանիտար իրավունքի բոլոր պահանջները, որոնց ջատագովն է միջազգային հանրությունը, և որոնցով որ պետությունները պարտավորվել են առաջնորդվել ժամանակակից միջազգային հարաբերություններում։
Ռազմագերիների կյանքի իրավունքի ոտնահարման այս հանցագործությունները ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիայով ամրագրված արգելքները՝ ոտնձգությունը կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ, մասնավորապես, ամեն տեսակի սպանությունները, խեղումները, դաժան վերաբերմունքը, տանջահարությունը և խոշտանգումները։
Գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար, ուստի հրատապ նամակներ եմ ուղարկում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր միջազգային գործընկերներին՝ շտապ գործարկելու բոլոր իրավաքաղաքական մեխանիզմները՝ ի պաշտպանության միջազգային հանրության «մարդասիրական մանդատի» ներքո գտնվող հայ ռազմագերիների իրավունքների։
Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս հանցագործությունները միջազգային դատարանի եւ հանրության կողմից պետք է անհապաղ քննության առարկա դառնան դրանց քրեաիրավական որակման առումով, և հանցագործները շտապ ենթարկվեն պատասխանատվության»։