Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է. Բեգլարյանը՝ Ռուբեն Վարդանյանին իր պաշտոնում նշանակելու ԱՀ նախագահի որոշման մասին
Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է, և ես անվերապահորեն աջակցում եմ Նախագահի որոշում-առաջարկին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանին իր պաշտոնում նշանակելու մասին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմանը։
«Ի շարունակություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարության Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու առաջարկի վերաբերյալ՝ կուզեի մի քանի շեշտադրում անել.
1. Կարծում եմ՝ այս իրավիճակում դա շատ պահանջված ու իմաստուն որոշում է, և ես անվերապահորեն աջակցում եմ Նախագահի որոշում-առաջարկին:
2. Ռուբեն Վարդանյանի նման համաշխարհային մակարդակի ռազմավարական կառավարիչը և բարձր արժեքների տեր մարդը մեծ հնարավորություն է ցանկացած պետության, առավել ևս՝ խոր ճգնաժամ ապրող Արցախի Հանրապետության համար: Ուստի, Արցախ տեղափոխվելու նրա որոշումը լավագույն շանսն է նրա ներուժն ւ առաքելության գիտակցումն արդյունավետորեն իրացնելու համար, որի ներկայումս լավագույն մեխանիզմը, իմ պատկերացմամբ նույնպես, լայն լիազորություններով պետական նախարարի պաշտոն զբաղեցնելն է:
3. Նշեմ, որ իմ ու պարոն Վարդանյանի գնահատականները Արցախի ներկայի ու ապագայի վերաբերյալ, հիմնախնդիրների լուծման մոտեցումները մեծապես համընկնում են, և նաև այդ պատճառով ես հավատում եմ, որ նա կարող է զգալի առաջընթաց ապահովել և՛ ներքին, և՛ արտաքին ուղղություններում:
4. Իսկ իմ նախընթաց գործունեության գնահատականների և հետագա անելիքների վերաբերյալ դեռ առիթ կունենամ հանգամանալից խոսելու: Ես շարունակում ու շարունակելու եմ ծառայությունս Հայրենիքիս իմ ամբողջական ներուժով, արժեքներով ու սկզբունքներով հանդերձ, և ցանկացած դիրքում ու հանգամանքում ես մնում եմ շարքային զինվոր՝ հանուն հայոց պետականության և ազգային վերելքի»,- գրել է Բեգլարյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը։