Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Անի համայքնի նորընտիր ավագանու լիազորությունները. նիստեր չեն գումարում
Կառավարությունը դեկտեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ որոշեց վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները ու համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ։
Խնդիրն այն է, որ Շիրակի մարզի Անի համայնքում կայացել են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ: Ընտրությունների արդյունքում օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարել են «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն ու «Ազգ-համայնք» դաշինքը: Նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով հրավիրվել է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը՝ 2022 թվականի նոյեմբերի 11-ին, սակայն համայնքի ավագանու 1-ին նիստը, ինչպես նաև հաջորդիվ հրավիրված՝ նոյեմբերի 14-ի, 18-ի, 22-ի, 24-ի և 25-ի նիստերը իրավազոր չլինելու պատճառով չեն կայացել: Նիստին ներկա ավագանու անդամների կողմից կազմվել են արձանագրություններ՝ ավագանու նիստը չկայանալու վերաբերյալ։ Իսկ նոյեմբերի 25-ին հրավիրված նիստի վերաբերյալ արձանագրություն չի կազմվել, քանի որ նիստին ավագանու ոչ մի անդամ չի ներկայացել:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ»: