Արմեն Գրիգորյանը՝ ադրբեջանցիների՝ Լաչինի միջանցքը փակելու քայլի մասին
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սադրանք է որակում Լաչինի միջանցքում Ադրբեջանի ձեռնարկած վերջին գործողությունները: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պարզվել է, թե ովքեր էին փակել Լաչինի միջանցքը, Գրիգորյանը պատասխանեց.
«Բնականաբար, սադրանք է, այնտեղ բնապահպան տեսնել շատ դժվար կլինի, որովհետև բոլորի համար էլ հասկանալի է, որ այնտեղ որևէ բնապահպանական հարց չկա: Դա զուտ սադրանք է: Բոլոր այդ սադրանքները խախտում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Քանի որ Լաչինի միջանցքը ամբողջովին գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ, բնականաբար, աշխատանք է տարվում, որ Լաչինի միջանցքն ապահովվի ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության»,- ասաց Գրիգորյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Ադրբեջանը ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու ուղղությամբ, իսկ Հայաստանը և Արցախը ամեն ինչ անում են, որպեսզի անվտանգության երաշխիքներ ստեղծվեն Արցախի համար:
Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 3-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ բերելով կեղծ բնապահպանական հիմնավորումներ: ՌԴ խաղաղապահների և ադրբեջանցիների՝ երեք ժամից ավել տևած բանակցությունների արդյունքում մայրուղին բացվել էր: