Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ԵՄ երկրների և Մեծ Բրիտանիայի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ սահմանափակող միջոցների ներդրման մասին, հայտնում է IRNA-ն։ Գործակալության տվյալներով՝ Թեհրանի պատժամիջոցների ցուցակներում ընդգրկվել է 30 մարդ եւ 4 ընկերություն։
«Հետևյալ անձինք և հաստատություններն արգելված են՝ ահաբեկչությանն ու ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, Իրանի ժողովրդի դեմ ահաբեկչական գործողություններ ու բռնություններ հրահրելու և խրախուսելու, Իրանի ներքին գործերին միջամտելու և Իրանում բռնություններին ու անկարգություններին աջակցելու, Իրանի մասին կեղծիքներ հրապարակելու և կեղծ տեղեկություններ տարածելու համար, ինչպես նաև նրանք, ովքեր մասնակցել են Իրանի ժողովրդի դեմ ռեպրեսիվ պատժամիջոցների սրմանը, որը համարվում է տնտեսական ահաբեկչություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ Իրանի ԱԳՆ-ի, պատժամիջոցները պատասխան էին Թեհրանի դեմ սահմանափակումներին, մասնավորապես՝ կապված հանրապետությունում կանանց իրավունքների պաշտպանության ցույցերից հետո սկսված անկարգությունների հետ։ Նախարարությունը նաև հավելել է, որ սահմանափակող միջոցների ենթարկված անձինք չեն կարողանա մուտք գործել Իրանի տարածք։
Միևնույն ժամանակ, ցուցակներում, մասնավորապես, ներառվել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Charlie Hebdo երգիծական ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բիարդը, Հյուսիսային Իռլանդիայի գլխավոր խորհրդական Վիկտորիա Պրենտիսը, բրիտանական բանակի հրամանատար Պատրիկ Սանդերսը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին քարտուղար Լիամ Ֆոքսը։