Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Շվեդիայի Ռիկսդագը (միապալատ խորհրդարանը) կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը, հայտնում է Aftonbladet-ը։ Որոշումն ընդունվել է խորհրդարանում վեց ժամ տեւած քննարկումից հետո։
Հյուսիսատլանտյան դաշինքին միանալուն կողմ է եղել 269 պատգամավոր, դեմ՝ 37. դեմ էին միայն Կանաչների կուսակցությունը և Ձախ կուսակցությունը: Եվս 43 խորհրդարանականներ չեն մասնակցել քվեարկությանը։
Խորհրդարանի որոշումը նշանակում է, որ կառավարությունը «կանաչ լույս կստանա», որպեսզի Շվեդիան միանա պաշտպանական դաշինքին, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները վավերացնեն Ստոկհոլմի դիմումը, գրում է Svt.se-ն։
Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել Ֆինլանդիայի հետ միաժամանակ, այն վավերացվել է դաշինքի 30 անդամներից 28-ի կողմից։ Թուրքիան, որը Ստոկհոլմից պահանջում է արտահանձնել Թուրքիայի ղեկավարության կողմից արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցներին, ինչպես նաև Հունգարիան չեն աջակցել երկու երկրների անդամակցությանը։