Հուսով ենք՝ հանդիպումը կկայանա մոտ ապագայում․ Ադրբեջանը՝ Միրզոյան-Բայրամով բանակցությունների մասին

Աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման հստակ ժամկետները որոշելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ այդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում։ Այս մասին ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Որպես կանոն, հանդիպման ստույգ օրը հայտարարում է հանդիպումը կազմակերպող երկիրը»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսված էր հունիսի 12-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: