«Ժողովուրդ». Շվեյցարիայի ակտիվությունը
«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ մեկ ուշագրավ փաստ է բացահայտվել. ՀՀ և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, շվեյցարական կողմից՝ պետքարտուղար Իվ Ռոսիեն: Իսկ քննարկման թեման եղել է «երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ»: Նաև կարևորվել է վերջին տարիներին հայ-շվեյցարական քաղաքական երկխոսությունը և այլն:
Այս հանդիպումն ուշագրավ է մեկ այլ առումով. Շվեյցարիան ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում աչքի ընկավ, երբ ակտիվ միջնորդի դեր ստանձնեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության հարցում: Ավելին, «Ժողովուրդ»-ն օրերս տեղեկացրել էր, որ այս ամիսներին ևս Շվեյցարիան շարունակում է միջնորդավորված առաջ տանել հայ-թուրքական բանակցությունները, սակայն իշխանությունները հերքում էին դա: Փաստորեն, այսպես անուղղակի կերպով հաստատվում է թերթի հրապարակած լուրը: